Այս ամիս Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի կլինիկայի անձնակազմը մասնակցել է երկու գիտաժողովի։
Առաջինը Ասիական և խաղաղօվկիանոսյան լյարդաբանական ասոցիացիայի (APASL) մոնոթեմատիկ գիտաժողովն էր` նվիրված լյարդի մետաբոլիկ ճարպային հիվանդությանը։ Այն համարվում է ներկայումս լյարդի ամենատարածված հիվանդությունը արևմտյան երկրներում։
Բաժանմունքի բոլոր բժիշկները գիտական ելույթներ ունեցան հիվանդության տարբեր ասպեկտների շուրջ, որոնց հաջորդեցին ակտիվ քննարկումներ և բարձր գնահատանքի խոսքեր` ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկիրների մասնակիցների կողմից։
Երկրորդը` ամենամյա Միացյալ եվրոպական գաատրոէնտերոլոգիական շաբաթը (UEG Week), երկամյա դադարից հետո, վերսկսվեց առկա ձևաչափով Վիեննայում։ Մասնակցեցին կլինիկայի ղեկավար Գագիկ Հակոբյանը, բժիշկներ Մանիկ Գեմիլյանը և Սոֆյա Գրիգորյանը։ Բժիշկները ներկայացնում էին մեր երկիրը` Գաստրոէնտերոլոգիայի եվրոպական միության կառավարող մարմին` Անդամների ժողովում (Մանիկ Գեմիլյան) և ազգային անդամ-ասոցիացիաների ֆորումում (Սոֆյա Գրիգորյան)։
Այս միջազգային գիտաժողովում կարևորվեց ոչ միայն ոլորտի նորույթներին ծանոթանալը, այլև արդեն ստեղծված միջազգային կապերն ամրապնդելը` գործընկերների հետ կրկին հանդիպելով և հետագա համագործակցության շրջանակը ուրվագծելով։ Ամբողջությամբ չբացելով փակագծերը՝ կարող ենք նշել, որ համալսարանական մասնագետները միկրոֆլորայի վերաբերյալ հետազոտական և կրթական ծրագրեր իրականացնելու համար նախագծեր են պատրաստել:
.png)