Գլխավոր Ավելին

ՄԻԱՎ-ը՝ հանրային առողջության հիմնախնդիր. Հայաստանում բուժվում է 3011 ՀՀ քաղաքացի

Դեկտեմբերի 1-ը 1988 թվականից ի վեր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է, այս տարի օրվա խորհուրդն է՝ «Ժամանակն է հավասարության»։ ՁԻԱՀ-ի դեմ ուղղված պայքարի 4 տասնամյակի ընթացքում դեռ կա անհավասարություն Աֆրիկայի և Ասիայի որոշ երկրներում ախտորոշման, դեղերի և գիտական տվյալների հասանելիության առումով։

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի բժիշկ-ինֆեկցիոնիստ Լուսինե Հարությունյանը նշում է, որ ՄԻԱՎ-ը մինչև օրս շարունակում է մնալ հանրային առողջության հիմնական խնդիրներից մեկը։ Ներկայացնում ենք բժշկի անդրադարձը օրվա թեմային:

Համաճարակի սկզբից՝ 1981 թ-ից մինչ օրս մոտ 84,2 մլն մարդ է վարակվել, իսկ մոտ 40,1 մլն մահացել է ՄԻԱՎ-ից։ 2021թ. տվյալներով աշխարհում ՄԻԱՎ-ով վարակվածների թիվը կազմում է մոտ 38,4 մլն։ 2010թ-ից նոր գրանցված դեպքերի թիվը նվազել է 32%-ով, իսկ ՁԻԱՀ ասոցացված մահացությունը նվազել է 57%-ով կանանց և 47%-ով տղամարդկանց շրջանում։

Հայաստանում 2022թ. հոկտեմբերի 31-ի դրությամբ՝ ՄԻԱՎ-ով ապրում և իրենց կարգավիճակի մասին գիտեն 3916 ՀՀ քաղաքացի, բուժվում է 3011 ՀՀ քաղաքացի:

ՄԻԱՎ-ը վիրուսային հիվանդություն է, որն ախտահարելով իմուն համակարգը, թուլացնում է օրգանիզմի պաշտպանությունը ինֆեկցիաների և ուռուցքային հիվանդությունների նկատմամբ։ ՄԻԱՎ-ով վարակված մարդը կարող է երկար տարիներ լիարժեք առողջ տեսք ունենալ։ Վիրուսը փոխանցվում է կենսաբանական հեղուկների միջոցով՝ արյուն, սերմնահեղուկ, հեշտոցային արտազատուկ, ինչպես նաև մորից երեխային՝ հղիության, ծննդաբերության և կերակրման ընթացքում։ Ամենօրյա հասարակ շփումների, ինչպիսիք են գրկախառնությունը, ձեռքսեղմումը, համբույրը, ինչպես նաև անձնական իրերի, սպասքի, միջատների միջոցով վիրուսը չի փոխանցվում։

ՄԻԱՎ-ի ախտորոշման հիմանական մեթոդը արյան մեջ վիրուսի նկատմամբ հակամարմինների որոշումն է իմունոֆերմենտային անալիզի միջոցով, որի դրական արդյունքները հետագայում պետք է հաստատվեն նաև իմունոբլոտ մեթոդով։ Հնարավոր է հետազոտվել նաև անանուն։

Մինչև օրս չկան ՄԻԱՎ-ի դեմ կանխարգելիչ պատվաստման կամ լիարժեք բուժման համար դեղամիջոցներ։ Հաշվի առնելով փոխանցման ուղիները՝ կանխարգելման հիմնական միջոցն է անվտանգության կանոնների պահպանումը (պահպանակների օգտագործում, մեկանգամյա կամ պատշաճ ախտահանված գործիքների կիրառում բժշկության մեջ և կոսմետոլոգիայում, թմրանյութերից հրաժարում)։ Ախտորոշման բարելավման նպատակով որոշ երկրներում ներդրվել է ինքնուրույն թեսթավորման պրակտիկան (իհարկե միայն ինքնաթեսթավորմամբ ախտորոշումը չի հաստատվում, հետագայում անհրաժեշտ է նաև հաստատում բուժհիմնարկում)։

Հիվանդության դեմ պայքարի ուղղությամբ վերջին տարիներին արձանագրվել են դրական միտումներ, մասնավորապես` հակառետրովիրուսային բուժման շնորհիվ ՄԻԱՎ վարակը այժմ համարվում է ոչ թե անբուժելի, այլ քրոնիկ հիվանդություն։ Ներկայումս ՄԻԱՎ ախրորոշումը այլևս դատավճիռ չէ: Համապատասխան նշանակումներին ճիշտ հետևելով՝ ՄԻԱՎ-դրական անձանց կյանքի տևողությունը գրեթե չի տարբերվում ՄԻԱՎ-բացասական անձանցից, իրենց ընտանիքներում ծնվում են առողջ երեխաներ։ Շնորհիվ հակառետրովիրուսային բուժման հնարավոր է վիրուսի քանակը այնքան նվազեցնել, որ այն չհայտնաբերվի արյան մեջ և համաճարակաբանական առումով ապահովել անվտանգությունը, ինչպես նաև բուժման դեպքում ՁԻԱՀ- փուլ ավելի ուշ է սկսվում։ Նշենք նաև, որ բազմաթիվ երկրներում, այդ թվում մեր երկրում, այն հասանելի է բնակչությանը պետական պատվերի շրջանակներում։

×
facebook sharing button facebook