Սեպտեմբերի 28-ը Կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրն է: Կատաղությունը վիրուսային հիվանդություն է, որն արտահայտվում է հիմնականում կենտրոնական նյարդային համակարգի ախտահարմամբ, ուղեկցվում շարժիչ կենտրոնների սուր գրգռվածությամբ, շնչառական ու կլման մկանների ջղաձգումներով:
«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ինֆեկցիոն կլինիկայի բժիշկ-ինֆեկցիոնիստ, Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Մելանյա Շմավոնյանը զգուշացնում է՝ կատաղությունը անբուժելի հիվանդություն է, եթե ժամանակին չստանալ կանխարգելիչ պատվաստումները, այն կարող է հանգեցնել ընդհուպ մահվան: Ներկայացնում ենք բժշկի դիտարկումները:
Վարակի աղբյուրը թափառող, վայրի և անհայտ կենդանիներն են (օրինակ՝ աղվես, լուսան, գայլ, չղջիկ, փորսուղ, շուն, կատու և այլն), ում նկատմամբ կանխարգելիչ անասնաբուժական միջոցառումներ չեն իրականացվել:
Այդ կենդանիների կծելու, ճանկռելու կամ թքոտելու դեպքում անմիջապես պետք է դիմել բժշկական օգնության: Հատկապես վտանգավոր է կենդանիների թուքը: Պետք է զգուշանալ անգամ այդ կենդանիների դիակների հետ շփումից, օրինակ՝ եթե որսացել են, չքերթել, մարմնի հետ շփում չունենալ:
Եթե կծել է կենդանին, անմիջապես պետք է վերքը լվանալ տնտեսական օճառով և դիմել բժշկի, որպեսզի ստանալ պատվաստում և կատաղության, և փայտացման դեմ:
Եթե տնային կենդանի է կծել, մաշկի ամբողջականությունը չի խախտվել, ապա պետք է 10-14 օր հետևել կենդանու վարքին, արդյոք կա՞ կենդանու վարքում փոփոխություն, թե՞ ոչ: Եթե կա փոփոխություն վարքում, պետք է դիմել բժշկի և ստանալ պատվաստում:
Կատաղությունը անբուժելի և բավականին ծանր հիվանդություն է, այդ իսկ պատճառով ամենակարևորը կանխարգելումն է, նախ՝ հեռու մնալ այդ կենդանիներից, իսկ կծելու կամ կենդանու հետ շփման հետևանքով մաշկային վնասվածք ստանալու դեպքում դիմել բժշկի և պատվաստվել: Պատվաստման տևողությունը և հաճախականությունը որոշում է բժիշկը՝ կախված նրանից, թե որտեղ են վերքերը և ինչ աստիճանի:
.png)