️ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Կոլոպրոկտոլոգիայի վիրաբուժության կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ դոցենտ Արմենակ Էնֆենջյանի դիտարկումներն են ամենատարածված հիվանդություններից մեկի մասին:
Թութքն ամենից հաճախ հանդիպող հիվանդություններից է: Այն թութքային հանգույցների ախտաբանական մեծացումն է, դրանց արտանկումը հետանցքային ուղուց և հաճախակի բորբոքումը: Մարդկանց 75%-ին կյանքի որևէ փուլում սկսում է անհանգստացնել թութքը: Այն ավելի հաճախ նկատվում է 45-65 տարեկանների շրջանում:
Թութքային հանգույցներ կան բոլոր մարդկանց մոտ, դրանց մեծացման պատճառը խորշիկավոր գոյացություններում արյան շրջանառության խանգարումներն են: Միևնույն ժամանակ, թութքային հանգույցների բորբոքումը և արյունահոսությունը պայմանավորված է մի շարք գործոններով:
Դրանք են
սնունդը՝ կծու, թթու կերակուրները,
ալկոհոլի չարաշահումը,
աղիքների հետ կապված խնդիրները, օրինակ՝ փորկապությունը,
պասիվ կենսակերպը, օրինակ՝ նստակյաց աշխատանքը,
ֆիզիկական ծանրաբեռնվածությունը,
կանանց դեպքում՝ նաև հղիությունը և ծննդաբերությունը:
Ախտանիշները
️Հետանցքի շրջանում քորի և մրմռոցի տհաճ զգացումներ, կրկնվող արյունահոսություն կղազատման ժամանակ (սովորաբար այդ ընթացքում ցավային գործոնը բացակայում է), թութքային հանգույցների արտանկում կղազատման ժամանակ:
Թութքն արտահայտվում է երկու հիմնական համախտանիշերով՝ սուր նոպայաձև և հիվանդության քրոնիկ ընթացք, որոնք, ըստ էության, միևնույն գործընթացի փուլերն են:
Սուր թութքի զարգացման հիմքը թութքային հանգույցների թրոմբոզն և բորբոքումն են։ Թութքային հանգույցների թրոմբոզն ուղեկցվում է հետանցքի շրջանի սուր ցավերով: Թութքային հանգույցների թրոմբոզի հետևանքով հարակից բջջանքում զարգացող բորբոքային գործընթացը ոչ հաճախ նպաստում է սուր պարապրոկտիտի (հարվերջնաղեբորբ) առաջացմանը, որը նույնպես թութքի բարդություններից է:
Հետանցքային արյունահոսությունը թութքի հիմնական ախտանիշերից է, իսկ չդադարող արյունահոսությունը հիվանդության բարդություն է: Հիվանդության ուշ փուլերի բարդություններն են հետանցքի քորը և ճաքը:
Եթե ունեք նմանատիպ խնդիրներ, ապա անպայման դիմեք մասնագետի օգնությանը, հետազոտվե՛ք ժամանակին և կանխարգելեք թութքի զարգացումը:
.png)