Գլխավոր Ավելին

Ամբողջ աշխարհում ԹՔՕՀ-ից տարեկան մահանում է շուրջ 3.0 մլն մարդ. որոնք են ռիսկի գործոնները և ինչպես ախտորոշել հիվանդությունը

Այս տարի Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունների դեմ պայքարի համաշխարհային օրը նոյեմբերի 16-ն է:
«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի բժիշկ-թոքաբան, ԵՊԲՀ ներքին հիվանդությունների (պուլմոնոլոգիա և նոֆրոլոգիա) ամբիոնի ասիստենտ Էռնա Մելքոնյանը նշում է, որ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը (ԹՔՕՀ) տարածված, կանխարգելվող և բուժելի հիվանդություն է, որը բնորոշվում է պերսիստենտ շնչառական սիմպտոմներով և կապված է շնչառական ուղիների ախտահարման հետ։

Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ յուրաքանչյուր տարի ամբողջ աշխարհում ԹՔՕՀ-ից մահանում է շուրջ 3.0 մլն մարդ, որը կազմում է բոլոր մահերի շուրջ 5.0%-ը: Բժշկի դիտարկմամբ` հակածխախոտային ծրագրերի մեջ ընդգրկվելը նպաստում է հիվանդության և մահվան ցուցանիշների նվազմանը։

ԹՔՕՀ-ի զարգացման հիմնական ռիսկի գործոնները՝
Ծխելը (80-90%)
Շրջակա միջավայրում առկա վնասակար և արտադրական նյութերի առկայությունը
Մասնագիտական հիվանդությունները
Ժառանգական նախատրամադրվածությունը (α1-անտիտրիպսինի գենետիկորեն պայմանավորված դեֆիցիտը)
Տարիքը՝40-ից բարձր (հաճախ)
Սեռը արական (հաճախ)
Անամնեզում ստորին շնչառական ուղիների կրկնվող վարակները
Հիմնական շնչառական սիմպտոմներն են՝
Հազ, որը ուղեկցվում է խորխարտադրության կամ առանց
Հևոց
Օդի պակասի զգացողություն
Ֆիզիկական ակտիվություն սահմանափակում:

ԹՔՕՀ-ի ախտորոշման համար անհրաժեշտ է
Արյան ընդհանուր քննություն
Խորխի հետազոտություն
Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ)
Արտաքին շնչառական ֆունկցիայի գնահատում
Կրծքավանդակի օրգանների ռենտգեն հետազոտություն: Հիվանդությանը բնորոշ են հաճախակի սրացումներ (վերը նշված գանգատների առկայություն) ինչի համար անհրաժեշտ է դիմել բժշկի։

Հիվանդության զարգացումը հնարավոր է կանխարգելել վաղ ախտորոշման և ուղեցուցային բուժման շնորհիվ, իսկ սեզոնային սրացումներից խուսափել գրիպի պատվաստման միջոցով։

×
facebook sharing button facebook