Ինչպես հայտնի է, ձմռան ամիսներին շնչառական վարակները ակտիվանում են: «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի քիթ-կոկորդ-ականջաբան, ԵՊԲՀ ԼՕՌ ամբիոնի դասախոս Տաթևիկ Փխրիկյանը նշում է պատճառները:
- Օրգանիզմի դիմադրողականության անկումը՝ կապված կլիմայական փոփոխության հետ (ցածր ջերմաստիճան, արևի բացակայություն)
- Փակ տարածքներում մարդկային կուտակումներ:
Ըստ հետազոտության տվյալների՝ 0-ից մինչև -5 պայմաններում շնչառական վարակները ավելի ակտիվանում են (ընդգրկված է եղել -30* ից մինչև 30* ջերմության պայմանները) Սեզոնային սուր շնչառական վարակների տարածվածության պայմաններում քիթ-կոկորդ-ականջի խնամքը առաջնահերթ է, միևնույն ժամանակ, եթե ոչ խնամել, ապա գոնե կարելի է չվնասել և չվտանգել սեփական առողջությունը: Այս առումով բժիշկը հիշեցնում է «չի կարելիների» շարքը.
- Անոթասեղմիչ քթի կաթիլներ երկարատև չի կարելի օգտագործել:
- Ականջի մեջ մի կաթացրեք «ժողովրդական» միջոցներ (մեղր, սխտոր, մաղադանոս…):
- Ինքնաբուժությամբ մի զբաղվեք, հատկապես ականջի հիվանդությունների դեպքում դա կարող է անդառնալի հետևանքներ ունենալ:
- Կոկորդի կամ ըմպանի ցանկացած ցավ մի բուժեք անտիբիոտիկոթերապիայով:
Տաթևիկ Փխրիկյանը խորհուրդ է տալիս
- Հագնվել եղանակին համապատասխան
- Մարդաշատ վայրերում կրել դիմակ
- Լվանալ ձեռքերը՝ հատկապես հասարակական վայրերում գտնվելուց հետո:
Առողջ եղեք!
.png)