«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Էնդոսկոպիայի ծառայության ընդհանուր վիրաբույժ և էնդոսկոսպիստ Սուրեն Խաչատրյանը պատասխանել է թեմայի ամենահետաքրքրական և հաճախ տրվող հարցադրումներին:
Ե՞րբ է նշանակվում այս հետազոտությունը:
Կոլոնոսկոպիան հաստ աղու ամբողջական և բարակ աղու ծայրային հատվածի հետազոտություն է էնդոսկոպի միջոցով: Հետազոտման ցուցումները կարող են լինել որովայնային ցավերը, քրոնիկական լուծը, փորկապությունը, արյան առկայությունը կղանքում և այլն: Կոլոնոսկոպիան կարող է լինել նաև կանխարգելիչ 45 տարեկանից բարձր անձանց համար: Կոլոնոսկոպիայի ընթացքում հայտնաբերվում և հեռացվում են հաստ աղու պոլիպները (նախաքաղցկեղային բարորակ գոյացություններ)՝ կանխարգելելով հաստ աղու քաղցկեղը:
Ինչպե՞ս են նախապատրաստվում կոլոնոսկոպիային:
Հետազոտման նախապատրաստումը ներառում է հատուկ սննդակարգ և լուծողական դեղերի ընդունում: Հետազոտությունից 3 օր առաջ սկսեք հետևել Ձեզ տրամադրված հատուկ սննդակարգին, խուսափեք բջջանք պարունակող սննդամթերքից: Հետազոտության նախորդ օրվանից սկսեք խմել լուծողական դեղամիջոցները՝ հետևելով պատրաստման սկզբունքներին: Հետազոտության օրը պետք է ոչինչ չուտել և չխմել, ներկայանալ ուղեկցողի հետ: Հիշեք, որակյալ կոլոնոսկոպիայի հիմքում ընկած է աղիների լիարժեք նախապատրաստումը:
Ինչպե՞ս է իրականացվում կոլոնոսկոպիան:
Փոքրիկ լույսի աղբյուր և տեսախցիկ ունեցող բարակ ճկուն և երկար խողովակը (էնդոսկոպ) բժիշկը հետանցքով զգուշությամբ ներմուծում է դեպի հաստ աղիներ (կոլոն) և «ներսից» դիտում դրանց լուսանցքը և լորձաթաղանթը։
Այն իրականացվում է անզգայացմամբ, սովորաբար տևում է մոտ 30 րոպե։ Հետազոտության ամբողջական պատասխանը տրամադրվում է 1 օրվա ընթացքում:
Ի՞նչ է սպասվում պացիենտին կոլոնոսկոպիայից հետո:
Անզգայացման շնորհիվ կոլոնոսկոպիան անցավ հետազոտություն է: Բայց դա դեռ չի նշանակում, որ հետազոտությունից հետո կարող եք միայնակ ղեկին նստել և տուն վերադառնալ: Ամեն դեպքում ուղեկցող անհրաժեշտ է, քանի որ հնարավոր է լինի մեղմ քնկոտություն, այսպես ասած՝ մնացորդային գանգատներ, որոնք մեկ-երկու օրվա ընթացքում վերանում են: Կոլոնոսկոպիայից հետո սովորաբար սնունդ և ջուր ընդունելը թույլատրելի է:
.png)