Գլխավոր Ավելին

Քթի միջնապատի ենթալորձաթաղանթային մասնահատում՝ համալսարանական բժշկի կողմից

Համալսարանական երեք՝ «Հերացի», «Մուրացան» և «Միքայելյան» հիվանդանոցներում շարունակվում է բնակչությանը անվճար խորհրդատվությունների տրամադրումը։ Յուրաքանչյուր շաբաթ օր քաղաքացիները հնարավորություն ունեն այցելել փորձառու մասնագետներին՝ հետազոտվելու և անհրաժեշտության դեպքում վիրահատական բուժում ստանալու:

«100 տարի՝ ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակում «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց դիմած 25-ամյա երիտասարդը գանգատվում էր քթային դժվարաշնչությունից և արտադրությունից, պարբերաբար առաջացող գլխացավերից: Կատարվել է ռինոսկոպիա, հայտնաբերվել է քթի միջնապատի արտահայտված թեքվածություն, ստորին խեցիները մեծացում: Հարքթային շոշափումը ցավոտ էր: Կատարվել է քթի և հարակից խոռոչների 3D ռենտգեն հետազոտություն, ըստ որի հայտնաբերվել է նաև ձախ հայմորյան խոռոչի տոտալ (ամբողջական) մթագնում:

Ելնելով պացիենտի ընդհանուր վիճակից, գանգատներից, անամնեզից, կլինիկոլաբորատոր և գործիքային հետազոտության տվյալներից, հիվանդի մոտ ախտորոշվել է քթի միջնապատի թեքվածություն, քրոնիկ հիպերտրոֆիկ ռինիտ, ձախակողմյան հայմորիտ: Հիվանդին անհրաժեշտ էր վիրահատական բուժում:

ԼՕՌ վիրաբույժ Արթուր Մինասյանի կողմից կատարվել է սեպտոպլաստիկա (քթի միջնապատի ենթալորձաթաղանթային մասնահատում), ստորին խեցիների վազոտոմիա և հայմորոտոմիա՝ պահպանողական եղանակով` քթի խոռոչից բացվել է հավելյալ պատուհան և հայմորյան խոռոչից հեռացվել մեծ քանակությամբ լորձաթարախային արտադրություն:
Հիվանդը կլինիկայից դուրս է գրվել լավացումով:

×
facebook sharing button facebook