Երբեմն մեկ լաբորատոր ցուցանիշի նկատմամբ ուշադրությունը կարող է վճռորոշ լինել։ Այս դեպքում համակարգչային շերտագրությունից (ՀՇ) առաջ հայտնաբերված կրեատինինի բարձր մակարդակը հիմք դարձավ լրացուցիչ հետազոտությունների և լուրջ հիվանդության ախտորոշման համար։
85-ամյա պացիենտը «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց էր դիմել՝ պլանավորված ՀՇ հետազոտությունից առաջ հայտնաբերված կրեատինինի բարձր մակարդակի պատճառով։ Ցուցանիշը կազմել էր շուրջ 300 մկմոլ/լ։
Պացիենտը խորհրդատվության էր դիմել նեֆրոլոգ Աննա Հարությունյանին։ Կատարվել են անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտություններ։ Հաշվի առնելով ստացված արդյունքները, մասնավորապես՝ ծանր անեմիան (հեմոգլոբին՝ 66 գ/լ), ընդհանուր սպիտակուցի բարձր մակարդակը՝ 120 գ/լ, և հիպերկալցեմիան՝ 2,7 մմոլ/լ, նեֆրոլոգի կողմից ցուցվել է արյան շիճուկի և մեզի սպիտակուցների էլեկտրոֆորեզ՝ իմունոֆիքսացիայով։
Հետազոտության արդյունքում արյան շիճուկում հայտնաբերվել են կրկնակի մոնոկլոնալ բենդեր՝ բետա-2 և գամմա գոտիներում՝ համապատասխանաբար 46,8% և 0,2%։ Մեզում ևս հայտնաբերվել է մոնոկլոնալ բենդ՝ գամմա գոտում՝ 45,1%։
Նախնական ախտորոշվել է բազմակի միելոմա՝ միելոմային նեֆրոպաթիայի կասկածով և երիկամների սուր վնասմամբ։ Իրականացվել է հեմատոլոգի խորհրդատվություն, կատարվել է տրեպանոբիոպսիա, որի արդյունքում ախտորոշումը հաստատվել է։
Կատարված սիմպտոմատիկ բուժման արդյունքում կրեատինինի մակարդակը նվազել է՝ հասնելով 119 մկմոլ/լ-ի, և պացիենտն ուղղորդվել է «Յոլյան» արյունաբանական կենտրոն՝ հիմնական հիվանդության բուժումը շարունակելու նպատակով։
Այսօր 85-ամյա պացիենտը շարունակում է բուժումը հիմնական հիվանդության կապակցությամբ, իսկ երիկամների ֆունկցիոնալ ցուցանիշները զգալիորեն բարելավվել են։
Բազմակի միելոման ոսկրածուծի չարորակ հիվանդություն է, որը կարող է ախտահարել նաև երիկամները՝ հանգեցնելով դրանց ֆունկցիայի խանգարման։
«Այս կլինիկական դեպքը ևս մեկ անգամ ընդգծում է, որ երիկամային հիվանդությունները շատ դեպքերում երկրորդային են։ Ուստի կարևոր է հասկանալ ոչ միայն, թե ինչն է վնասվել, այլև՝ ինչու։ Հենց պատճառի ճշգրիտ հայտնաբերումն է հնարավորություն տալիս ընտրելու բուժման ճիշտ մարտավարությունը»,- նշում է նեֆրոլոգ Աննա Հարությունյանը։