Գլխավոր

Հոլգեր Լիստլեի հերթական այցը «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց

Արդեն 4-րդ անգամ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց է այցելել Գերմանիայի Աուգսբուրգի համալսարանական կլինիկայի թորակալ և աբդոմինալ վիրաբույժ Հոլգեր Լիստլեն։

Այցի օրակարգը հագեցած էր։ Նախապես արված հայտարարության արդյունքում որովայնային և թոքային վիրաբուժական խնդիրներ ունեցող պացիենտները դիմել են խորհրդատվության։

Հոլգեր Լիստլեի մասնակցությամբ իրականացվել են մի շարք թորակոսկոպիկ և լապարոսկոպիկ վիրահատություններ, ինչպես նաև բարդացած վերքերի վիրաբուժական բուժում՝ բացասական ճնշման մեթոդով։

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում գերմանացի վիրաբույժի հետ համատեղ կատարվել է նաև երկու թորակոսկոպիկ թիմէկտոմիա։

Հիվանդանոցում անցկացված գիտական լսման շրջանակում Հոլգեր Լիստլեն հանդես է եկել զեկուցմամբ՝ նվիրված թոքի քաղցկեղի դեպքում իրականացվող մինիմալ ինվազիվ վիրահատություններին։ Նա ներկայացրել է նաև թոքի քաղցկեղի սկրինինգային ծրագրերը և դրանց կարևորությունը։

Զեկույցի ընթացքում Հոլգեր Լիստլեն ներկայացրել է թոքի քաղցկեղի վերաբերյալ վիճակագրական տվյալներ, անդրադարձել սկրինինգային ծրագրերի իրականացման անհրաժեշտությանը, ինչպես նաև թորակոսկոպիկ սեգմենտէկտոմիաներին՝ ներկայացնելով համապատասխան կլինիկական դեպքեր։

Հոլգեր Լիստլեն ընդգծել է թոքի քաղցկեղի սկրինինգային ծրագրերի կարևորությունը, քանի որ դրանք հնարավորություն են տալիս հիվանդությունը հայտնաբերել վաղ փուլում, ինչը կարող է նպաստել բուժման արդյունավետության բարձրացմանը և ապրելիության բարելավմանը։

Գերմանացի վիրաբույժի հետ համագործակցությունը շարունակական է։ Պարբերական այցերից բացի՝ իրականացվում են նաև հեռավար կոնսուլտացիաներ։

×
facebook sharing button facebook