«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի կլինիկայի բժիշկ Էդմոնդ Բաղդասարյանը Եվրոպական Կրոնի և կոլիտի կազմակերպության (ECCO) ճանապարհորդական դրամաշնորհի շրջանակում մասնագիտական վերապատրաստում է անցել Իսրայելի Շեբա բժշկական կենտրոնում (Թել Հաշոմեր)՝ Գաստրոէնտերոլոգիայի ինստիտուտում։
Շեբա բժշկական կենտրոնը Մերձավոր Արևելքի խոշորագույն և բազմապրոֆիլ բժշկական հաստատություններից է և «Newsweek»-ի վարկանիշով ընդգրկված է աշխարհի լավագույն տասը հիվանդանոցների շարքում։ Այն միջազգային ճանաչում ունի նորարարական բժշկության, գիտահետազոտական գործունեության, ուռուցքաբանության, վերականգնողական բժշկության, թվային առողջապահության, ինչպես նաև աղիների բորբոքային հիվանդությունների՝ Կրոնի հիվանդության և խոցային կոլիտի ախտորոշման ու բուժման ոլորտներում։
Կենտրոնը կարևոր ներդրում ունի նաև ընտանեկան միջերկրածովյան տենդի (FMF) ուսումնասիրման գործում։ Հենց Շեբա բժշկական կենտրոնի մասնագետների կողմից են մշակվել հիվանդության ախտորոշման լայնորեն կիրառվող «Թել Հաշոմերի չափանիշները»։
Վերապատրաստումն իրականացվել է Գաստրոէնտերոլոգիայի ինստիտուտի ղեկավար, պրոֆեսոր Շոմրոն Բեն-Հորինի և Աղիների բորբոքային հիվանդությունների բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Ուրի Կոպիլովի ղեկավարությամբ։
Ծրագրի ընթացքում բժիշկ Բաղդասարյանը ծանոթացել է աղիների բորբոքային հիվանդությունների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումներին, մասնակցել կլինիկական աշխատանքներին, ինչպես նաև գաստրոէնտերոլոգների, ճառագայթաբանների և կոլոռեկտալ վիրաբույժների մասնակցությամբ բազմամասնագիտական քննարկումներին։
Բժիշկը նշում է, որ չնայած Հայաստանում որոշ կենսաբանական դեղամիջոցների և ժամանակակից բժշկական սարքավորումների սահմանափակ հասանելիությանը՝ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի կլինիկայի մասնագետների կլինիկական մտածողությունը, բուժման սկզբունքներն ու հիվանդների նկատմամբ մոտեցումները համապատասխանում են աշխարհի առաջատար կլինիկաներում ընդունված չափանիշներին։
Վերապատրաստումը նպաստում է մասնագիտական նոր փորձի և վստահության ձեռքբերմանը, միջազգային կապերի ձևավորմանն ու հետագա համագործակցության և համատեղ նախաձեռնությունների համար նոր հնարավորությունների ստեղծմանը։