Գլխավոր

Կարևոր խորհուրդներ պացիենտներին բուժման ընթացքն առավել անվտանգ դարձնելու համար

Սեպտեմբերի 17-ին նշվում է Պացիենտների անվտանգության համաշխարհային օրը։ Այս տարվա կարգախոսն է՝ «Անվտանգ խնամք՝ ողջ կյանքի ընթացքում», որն ընդգծում է ոչ վարակիչ հիվանդությունների դեպքում երկարատև ու անվտանգ բուժօգնության ապահովման կարևորությունը։

Պացիենտի անվտանգությունը առողջապահական համակարգի որակի հիմնարար բաղադրիչն է․ այն ուղղված է բուժման ընթացքում հնարավոր սխալների, բարդությունների և վնասի ռիսկերի կանխարգելմանը։ Այս գործընթացում առանցքային դեր ունի հենց պացիենտը․ լինելով բուժօգնության ակտիվ մասնակից՝ նա իր իրազեկվածությամբ և բաց հաղորդակցությամբ նպաստում է անվտանգ և արդյունավետ բուժմանը։

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի բժիշկ-համաճարակաբան Կարինե Պողոսյանը ներկայացնում է կարևոր խորհուրդներ մեր պացիենտներին՝ բուժման ընթացքն առավել անվտանգ դարձնելու համար։

Ինչի՞ն է պետք ուշադրություն դարձնել. խորհուրդներ պացիենտներին

  1. Եղեք ակտիվ մասնակից. Ոչ վարակիչ հիվանդությունների դեպքում բուժման հիմնական մասն ընթանում է տանը։ Հստակ տեղեկացված եղեք Ձեր ախտորոշման, բուժման պլանի և այն ախտանիշների մասին, որոնց դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի։
  2. Վերահսկեք դեղերի ընդունումը. Եթե ընդունում եք մի քանի դեղամիջոց, ճշգրիտ պահպանեք դրանց չափաբաժիններն ու ռեժիմը՝ դեղերի անցանկալի փոխազդեցություններից և սխալներից խուսափելու համար։
  3. Տրամադրեք ամբողջական տեղեկատվություն. Բժշկին միշտ ճշգրիտ ներկայացրեք Ձեր ընդունած բոլոր դեղերի ցանկը և նախկինում ունեցած ալերգիկ կամ անբարենպաստ արձագանքները։
  4.  Պահպանեք բուժման շարունակականությունը. Երկարատև հսկողության ընթացքում հետևեք առաջնային օղակի (պոլիկլինիկա) և մասնագիտացված հիվանդանոցային բժիշկների բոլոր նշանակումներին ու խորհուրդներին։

Կարևոր է հիշել

Անվտանգ բուժօգնությունը կախված է ոչ միայն բժշկական միջամտություններից, այլև պացիենտի, նրա ընտանիքի և բուժաշխատողների արդյունավետ համագործակցությունից ու բաց հաղորդակցությունից։

×
facebook sharing button facebook