Երիկամները չեն սիրում «բողոքել»։ Մի՛ սպասեք ախտանշաններին, հոգ տարեք նրանց մասին ժամանակին «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ընդհանուր թերապիայի կլինիկայի նեֆրոլոգ, ԵՊԲՀ ներքին հիվանդությունների (պուլմոնոլոգիա և նեֆրոլոգիա) ամբիոնի դասախոս Աննա Հարությունյանը ներկայացնում է պարզ, բայց կարևոր խորհուրդներ, որոնք կօգնեն պահպանել երիկամների առողջությունը և նվազեցնել երիկամային հիվանդությունների զարգացման ռիսկը։
1. Խմեք բավարար քանակությամբ ջուր։
Հետևեք ընդունած հեղուկների և արտազատվող մեզի քանակի համապատասխանությանը։
2. Սնվեք առողջ։
Սահմանափակեք կերակրի աղի օգտագործումը, պահպանեք առողջ քաշ և եղեք ֆիզիկապես ակտիվ։
3. Խուսափեք ծխելուց և սահմանափակեք ալկոհոլի օգտագործումը։
4. Վերահսկեք արյան մեջ գլյուկոզայի մակարդակն ու զարկերակային ճնշումը։ Դրանք երիկամային հիվանդությունների զարգացման հիմնական ռիսկի գործոններից են։
5. Խուսափեք ցավազրկող դեղերի հաճախակի և անվերահսկելի օգտագործումից։
Իսկ ինչպե՞ս գնահատել երիկամների առողջությունը։
Նախնական պատկերացում կազմելու համար կարևոր են հետևյալ հետազոտությունները.
- արյան մեջ կրեատինինի և միզանյութի մակարդակի որոշում, ինչպես նաև կծիկային ֆիլտրացիայի արագության (ԿՖԱ) հաշվարկ,
- մեզի ընդհանուր քննություն,
- երիկամների ուլտրաձայնային հետազոտություն։
Հիշե՛ք. կանոնավոր հետազոտությունները հնարավորություն են տալիս վաղ հայտնաբերել խնդիրները և միջոցներ ձեռնարկել դրանց հետագա խորացումը կանխելու համար։ Ժամանակին հետազոտվելը լավագույն ներդրումն է ձեր առողջության մեջ, քանի որ կանխարգելումը միշտ ավելի հեշտ, անվտանգ և արդյունավետ է, քան արդեն զարգացած հիվանդության բուժումը։