Գլխավոր Ավելին

Մարդու պապիլոմավիրուս (HPV). ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր բուժաշխատող. հերթական գիտական լսումը

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում կայացավ գիտական լսումը «Մարդու պապիլոմավիրուս (HPV). ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր բուժաշխատող» թեմայով։ Զեկուցողն էր Օնկոլոգիայի կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ Ընդհանուր ուռուցքաբանության ամբիոնի վարիչ, բ.գ.թ. Լիլիթ Հարությունյանը։

 Դասախոսության ընթացքում ներկայացվեցին մարդու պապիլոմավիրուսի (HPV) կենսաբանական առանձնահատկությունները, փոխանցման ուղիները, վարակի բնական ընթացքը և դրա կապը արգանդի պարանոցի, օրոֆարինգեալ, անալ, վուլվայի, հեշտոցի և առնանդամի քաղցկեղների զարգացման հետ։ Քննարկվեցին HPV-ի բարձր ռիսկային տեսակների դերը քաղցկեղածին գործընթացներում, հիվանդության կանխարգելման հնարավորությունները և վաղ հայտնաբերման կարևորությունը։

 Առանձին անդրադարձ կատարվեց արգանդի պարանոցի քաղցկեղի համաշխարհային և Հայաստանի Հանրապետությունում առկա իրավիճակին։ Ներկայացվեցին հանրապետությունում հիվանդացության և մահացության ցուցանիշները, HPV պատվաստումների ազգային ծրագրի ներդրման ընթացքը, պատվաստումների ծածկույթի ներկայիս մակարդակը, ինչպես նաև այն հիմնական մարտահրավերները, որոնք խոչընդոտում են պատվաստումների լայն կիրառմանը՝ ապատեղեկատվությունը, հասարակության, իսկ երբեմն նաև բուժաշխատողների շրջանում առկա թերահավատությունը։

Դասախոսության կարևոր հատվածներից մեկը նվիրված էր HPV պատվաստանյութերի արդյունավետության և անվտանգության վերաբերյալ միջազգային գիտական ապացույցներին։ Ներկայացվեց այն երկրների փորձը, որտեղ պատվաստումների բարձր ընդգրկվածության շնորհիվ արձանագրվել է HPV վարակի, նախաքաղցկեղային ախտահարումների և արգանդի պարանոցի քաղցկեղի դեպքերի զգալի նվազում։ Քննարկվեցին նաև HPV պատվաստման վերաբերյալ առավել տարածված միֆերն ու դրանց գիտական հերքումները։

 Բանախոսը ներկայացրեց նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) «90-70-90» ռազմավարությունը, որի նպատակն է մինչև 2030 թվականը զգալիորեն նվազեցնել արգանդի պարանոցի քաղցկեղի բեռը և հետագայում հասնել հիվանդության էլիմինացիային՝ պատվաստումների, սկրինինգի և ժամանակին բուժման համատեղ կիրառման միջոցով։

 Դասախոսության ավարտին ընդգծվեց բուժաշխատողների առանցքային դերը բնակչության իրազեկվածության բարձրացման, ապատեղեկատվության դեմ պայքարի և ապացուցողական բժշկության վրա հիմնված կանխարգելիչ միջոցառումների խթանման գործում։ Նշվեց, որ յուրաքանչյուր բուժաշխատողի գիտակից և հիմնավորված խորհուրդը կարող է էական ազդեցություն ունենալ HPV պատվաստումների ընդունելիության բարձրացման և HPV-ասոցացված քաղցկեղների կանխարգելման գործում։

×
facebook sharing button facebook