Գլխավոր Ավելին

Սուր դեստրուկտիվ քարային խոլեցիստիտով և դեկոմպենսացված մակերիկամային անբավարարությամբ պացիենտի բուժման հաջող դեպք

Մարզային հիվանդանոցից «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 58-ամյա կին, որի մոտ ախտորոշվել էր «սուր դեստրուկտիվ քարային խոլեցիստիտ», իսկ որպես ուղեկցող հիվանդություն՝ «դեկոմպենսացված մակերիկամային անբավարարություն, երկրորդային հիպերպարաթիրեոզ», ինչը սկզբնական փուլում անհնարին էր դարձնում վիրահատության իրականացումը։

Սուր խոլեցիստիտին բնորոշ ախտանիշներից բացի դիտվել են նաև զարկերակային հիպոտենզիայի դրվագներ՝ մինչև 80/50 մմ սնդիկի սյուն։ Լաբորատոր հետազոտություններով արձանագրվել են մի շարք շեղումներ՝ հիպոկորտիզոլեմիա, հիպոնատրիեմիա, հիպերկալիեմիա, հիպոգլիկեմիա, հիպոկալցիեմիա, ինչպես նաև վիտամին D-ի արտահայտված դեֆիցիտ։

Պացիենտը նախապես գտնվել է տեղամասային էնդոկրինոլոգի հսկողության տակ, սակայն սուր խոլեցիստիտի զարգացումը հանգեցրել է մակերիկամային անբավարարության դեկոմպենսացիայի։

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգ Արփինե Գալստյանի կողմից որոշում է կայացվել նախավիրահատական շրջանում նշանակել հիդրոկորտիզոնի stress-dose ռեժիմ՝ ադրենալային կրիզի կանխարգելման նպատակով՝ հետվիրահատական շրջանում շարունակելով նույն ռեժիմը՝ աստիճանական անցումով պահպանող դոզայի։ Կիրառված մոտեցումը եղել է արդյունավետ և հնարավորություն է տվել իրականացնել վիրահատությունը։

Բուժառուն գտնվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում՝ հեմոդինամիկ ցուցանիշների մշտադիտարկմամբ (Վերակենդանացման բաժանմունքի վարիչ՝ Աշոտ Փամբուխչյան), ինչպես նաև իրականացվել է արյան էլեկտրոլիտների մակարդակի դինամիկ վերահսկում։

Վիրահատությունն իրականացրել են վիրաբույժներ Անդրանիկ Ալեքսանյանը, Սիմոն Սարգսյանը, Գրիգոր Խոջոյանը, անեսթեզիան՝ Սերոբ Միքայելյանը։ Վիրահատությունն ընթացել է առանց բարդությունների։ Վիրաբույժների և էնդոկրինոլոգի համատեղ աշխատանքի շնորհիվ հաջողվել է ապահովել բուժառուի կայուն վիճակը ինչպես վիրահատության ընթացքում, այնպես էլ հետվիրահատական շրջանում։ Ներկայումս բուժառուն գտնվում է բավարար ընդհանուր վիճակում՝ դրական դինամիկայով։

Այս կլինիկական դեպքը ևս մեկ անգամ ընդգծում է բազմապրոֆիլ, ճիշտ և ժամանակին կազմակերպված մոտեցման կարևորությունը բարդ համակցված պաթոլոգիաներով պացիենտների բուժման գործում։ 

×
facebook sharing button facebook