«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում կայացած հերթական գիտական լսումը նվիրված էր ոչ սրտային վիրահատությունների դեպքում պացիենտների հետազոտման ալգորիթմին։ Զեկուցմամբ հանդես է եկել Սրտաբանության կլինիկայի ղեկավար Անդրանիկ Մշեցյանը։
Գիտական լսման ընթացքում քննարկվել են ոչ սրտային վիրահատությունների ժամանակ պացիենտների նախավիրահատական և հետվիրահատական ռիսկերի գնահատման կարևոր հարցերը, ինչպես նաև սիրտ-անոթային պաթոլոգիա ունեցող կամ ռիսկի խմբում ընդգրկված պացիենտների վարման առանձնահատկությունները։
Զեկուցողը անդրադարձել է նաև անհետաձգելի և շտապ վիրահատությունների, ինչպես նաև ռեանիմացիոն և այլ պայմաններում էխոսրտագրության իրականացման ցուցումներին՝ ընդգծելով հատկապես ցուցանիշների ճիշտ գնահատման կարևորությունը։
Ներկայացվել են նաև պացիենտի ֆունկցիոնալ ռեզերվի գնահատման մեթոդները, որոնք անհրաժեշտ են նախավիրահատական փուլում՝ պլանային վիրահատություններից առաջ։
Գործընկերները տարբեր հարցեր են ուղղել բանախոսին՝ մասնավորապես նախավիրահատական շրջանում բիոմարկերների՝ NT-proBNP-ի և բարձր զգայունության սրտային տրոպոնինի որոշման վերաբերյալ։ Քննարկվել է, թե որ դեպքերում կարելի է շարունակել պացիենտի նախապատրաստումը պլանային վիրահատությանը, և բիոմարկերների որ արժեքների դեպքում անհրաժեշտ է ժամանակավորապես հետաձգել միջամտությունը։
Առաջարկվել են համընդհանուր ալգորիթմներ՝ պացիենտների հետազոտությունների կարգի, սրտաբանի հսկողության անհրաժեշտության և ռիսկի խմբերի ստրատիֆիկացիայի վերաբերյալ։
.png)