Ապրիլի 11-ը Պարկինսոնի հիվանդության համաշխարհային օրն է։ Այս օրը բժշկական օրացույցում առանձնացվել է՝ բարձրացնելու մարդկանց տեղեկացվածությունն այս հիվանդության, դրա ախտանշանների, ախտորոշման և բուժման տարբերակների վերաբերյալ։
«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի նյարդաբան Սոֆիյա Խաչատուրյանը ներկայացրել է Պարկինսոնի հիվանդության մասին կարևոր դիտարկումներ․
1. Իսկ դուք գիտե՞ք, որ Պարկինսոնի հիվանդության առաջին նշանը պարտադիր չէ դողը լինի…։Այն կարող է սկսվել հոտառության նվազումով, փորկապությամբ կամ ձեռագրի փոփոխությամբ ։
Պարկինսոնի հիվանդությունը բազմագործոն, պրոգրեսիվ նեյրոդեգեներատիվ հիվանդություն է։ Վաղ նշանները հաճախ ոչ շարժողական են՝
հոտառության նվազում, փորկապություն, դեպրեսիա, անհանգստություն, քնի խանգարումներ, ձեռագրի մանրացում (միկրոգրաֆիա)։ Այս ախտանշանները կարող են ի հայտ գալ դեռևս մինչև տեսանելի շարժողական խնդիրները։
Պարկինսոնի հիվանդությունը միայն շարժման հիվանդություն չէ։
Ոչ շարժողական ախտանշանները երբեմն կարող են ավելի ծանր և անհանգստացնող լինել, քան դողը կամ կարկամածությունը։
2. Պետք է իմանալ, որ՝
- Դողը դեռ Պարկինսոն չէ։
Ոչ բոլոր պացիենտներն ունեն դող, և ոչ բոլոր դողերն են պարկինսոնյան։ Կան նաև այլ նյարդաբանական հիվանդություններ, որոնք ուղեկցվում են դողով։
- Յուրաքանչյուր պացիենտ յուրահատուկ է։
Չկան երկու պացիենտներ, որոնք ունեն նույն ախտանշանները, հիվանդության ընթացքը կամ բուժման նկատմամբ արձագանքը։
- Պարկինսոնը կարող է հանդիպել նաև երիտասարդների մոտ։
Այն միայն տարեցների հիվանդություն չէ․ կարող է սկսվել 40 տարեկանում կամ նույնիսկ ավելի վաղ։
- Պարկինսոնով պացիենտները կարող են ունենալ կյանքի լավ որակ։
Ճիշտ բուժման, աջակցության և ապրելակերպի փոփոխությունների դեպքում հնարավոր է պահպանել ակտիվ և լիարժեք կյանք
- Շարժումը կարող է լինել արդյունավետ «բուժում»։
Ֆիզիկական ակտիվությունը կարևոր դեր ունի․ յոգա, պիլատես, պար, ոչ կոնտակտային բոքս։ Սրանք օգնում են բարելավել շարժունակությունը, հավասարակշռությունը և տրամադրությունը։
- Միմիկայի նվազումը հաճախ սխալ է ընկալվում։
Դեմքի հիպոմիմիան կարող է պացիենտին տալ տխուր կամ բարկացած տեսք, նույնիսկ եթե դա իրականում այդպես չէ։
- Հետաքրքիր, բայց հաճախ սխալ մեկնաբանվող փաստ։
Կան դիտարկումներ, որ ծխողների մոտ Պարկինսոնի հաճախականությունը ավելի ցածր է, սակայն դա չի նշանակում, որ ծխելը պաշտպանում է հիվանդությունից։
.png)