Գլխավոր Ավելին

Կատարվել է հիբրիդ վիրահատական միջամտություն

62-ամյա պացիենտը դիմել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց՝ գանգատվելով ձախ ստորին վերջույթի սաստիկ ցավերից, վերջույթի սառնության զգացումից, վերքերի առկայությունից, ընդհանուր թուլությունից։ Անամնեզում նշում է շաքարային դիաբետ տիպ 2, սրտամկանի կրած ինֆարկտ, կորոնար անոթի ստենտավորում, աջ ստորին վերջույթի անդամահատում։

Օբյեկտիվ և տեղային զննման արդյունքում աջ ստորին վերջույթը անդամահատված է ազդրի միջին 1/3-ի մակարդակով։ Ձախ ստորին վերջույթը սառն է, գունատ։ Ձախ ստորին վերջույթի ոտնաթաթի և սրունքի շրջանում առկա են նեկրոտիկ փոփոխված վերքեր։ Պերիֆերիկ զարկերակային պուլսացիան չի շոշափվում։

Կատարվել է որովայնային աորտայի և ստորին վերջույթների ԿՏ-անգիոգրաֆիա, որի արդյունքում ախտորոշվել է ձախ ստորին վերջույթի ընդհանուր զստային, արտաքին զստային, մակերեսային ազդրային զարկերակների օկլյուզիա, ինչպես նաև ընդհանուր ազդրային զարկերակի ստենոզ։ Ախտորոշվել է ձախ ստորին վերջույթի իշեմիա III–IV˚։

Որոշվել է վիրաբուժական տակտիկան և կատարվել է հիբրիդ վիրահատական միջամտություն։

Անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Ռուսլան Պալոյանը նշում է, որ հիբրիդ վիրահատությունը անոթային վիրաբուժության մեջ այնպիսի միջամտություն է, որտեղ բաց վիրաբուժությունը և էնդովասկուլյար (կաթետերային) մեթոդները կատարվում են միասին՝ նույն վիրահատության ընթացքում կամ նույն բուժման շրջանակում։

«Այլ կերպ ասած՝ վիրաբույժը միաժամանակ օգտագործում է դասական վիրաբուժական մուտք (կտրումով) և անգիոգրաֆիկ/էնդովասկուլյար տեխնիկա (ստենտ, բալոն, կաթետեր)։ Սա թույլ է տալիս ավելի քիչ տրավմատիկ եղանակով վերականգնել արյան հոսքը»,- ասում է բժիշկը։

Ռուսլան Պալոյանի և բժիշկ-ասիստենտ Մեսրոպ Ավետիսյանի կողմից, անեսթեզիոլոգ Արմենակ Աթանեսյանի մասնակցությամբ կատարվել է ձախ ստորին վերջույթի ընդհանուր ազդրային և մակերեսային ազդրային զարկերակների էնդարտերէկտոմիա, ձախ ստորին վերջույթի ընդհանուր զստային և արտաքին զստային զարկերակների ստենտավորում և բալոն դիլատացիա, ինչպես նաև մակերեսային ազդրային և ծնկափոսային զարկերակների բալոն դիլատացիա։

Պացիենտը դուրս է գրվել ստացիոնարից լավացումով։ Հետվիրահատական շրջանն անցել է հարթ։ 

Ռուսլան Պալոյանը նշում է, որ հիբրիդ մեթոդը հաճախ օգտագործվում է, երբ հիվանդի մոտ առկա է բազմահարկ (multilevel) անոթային ախտահարում։

Օրինակ՝ մեկ հատվածում անհրաժեշտ է բաց վիրահատություն, իսկ մյուս հատվածում կարելի է կատարել ստենտավորում կամ բալոնային անգիոպլաստիկա։ Այս դեպքում երկուսն էլ իրականացվում են նույն միջամտության ընթացքում։

×
facebook sharing button facebook