Գլխավոր Ավելին

Գիտական լսման զեկուցողները այս անգամ երկուսն էին

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում կայացած գիտական լսման զեկուցողները այս անգամ երկուսն էին։

 Ինտերվենցիոն սրտաբան Հովհաննես Թումանյանը հանդես եկավ «Սուր կորոնար համախտանիշ և կորոնար անգիոգրաֆիա․ մուլտիդիսցիպլինար մարտահրավերներ և որոշումներ» թեմայով։

️‍Զեկույցի ընթացքում բժիշկ Թումանյանը ներկայացրեց սուր կորոնար համախտանիշի վերջին ուղեցույցը, քննարկվեցին սիրտ–անոթային ռիսկի գնահատման սկզբունքները, ոչ սրտային վիրահատություն պլանավորվող հիվանդների նախավիրահատական գնահատման և վարույթի ժամանակակից մոտեցումները, ինչպես նաև մի շարք համակցված ոչ սրտային և սուր կորոնար պաթոլոգիաների կլինիկական բնութագրումը և դրանց կառավարման առանձնահատկությունները։

Հագեցած և հետաքրքիր զեկույցին հետևեցին բազմաթիվ հարցեր գործընկերներից՝ օրինակ սրտի տրավմաների (փակ և բաց վնասվածքներ) ժամանակ կիրառվող մոտեցումների մասին։

Մյուս բանախոսը Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Աշոտ Փամբուխչյանն էր, ով ներկայացրեց «Չկա ախտորոշում, չկա բուժում» վերնագրով clinical case-ը, որը 2025 թ․ հոկտեմբերին կայացած Անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների հայկական ասոցիացիայի նիստում արժանացել էր պատվավոր մրցանակային տեղի։

Պացիենտի մոտ պլանային ռինոպլաստիկայից հետո զարգացել էր կյանքին սպառնացող ծանր լյարդերիկամային անբավարարություն, որի պատճառը մի քանի օր շարունակ մնում էր անհայտ։

«Փաստացի հայտնաբերվեց մի ախտորոշում, որը կապ չուներ վիրահատության և անզգայացման հետ՝ թրոմբոցիտոպենիկ միկրոանգիոպաթիա, ատիպիկ հեմոլիտիկ ուրեմիկ համախտանիշ։ Այս պաթոլոգիան բազմապատճառային է և կարող է լինել նաև գենետիկ»,- նշեց Աշոտ Փամբուխչյանը՝ ներկայացնելով պացիենտի ամենօրյա կլինիկական ընթացքը, կատարված հետազոտությունները, կոնսիլիումները և բուժման քայլերը։

Մուլտիդիսցիպլինար քննարկումների, թիմային, օպերատիվ և պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ այսօր պացիենտը ամբողջությամբ ապաքինվել է։

×
facebook sharing button facebook