«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Սրտաբանության կլինիկայի սրտաբանները՝ Նունե Ավետիսյանը, Անուշ Սարգսյանը, Արթուր Ավետիսյանը և կլինիկայի ղեկավար Անդրանիկ Մշեցյանը, օգոստոսի 29-ից սեպտեմբերի 1-ը մասնակցել են Իսպանիայի Մադրիդ քաղաքում անցկացված Սրտաբանների ամենամյա համաշխարհային վեհաժողովին՝ ESC 2025-ին։
«Եվրոպական սրտաբանների ասոցիացիա» (ESC) կազմակերպության կողմից անցկացվող այս վեհաժողովը նվիրված է սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելմանը, ախտորոշման և բուժման նորարարական մոտեցումներին, ոլորտի արդի մարտահրավերներին, հետաքրքիր կլինիկական դեպքերին, ինչպես նաև վերջին հետազոտությունների արդյունքներին։ Վեհաժողովի ընթացքում ներկայացվել են սրտաբանության թարմացված ուղեցույցները, որոնք այս տարի հինգն էին։
Թեժ քննարկումներից և կարևոր սեսիաներից բացի, ESC-ի շրջանակում անցկացվում են նաև գործնական, սերտիֆիկացված դասընթացներ, որոնք հնարավորություն են տալիս ծանոթանալու էխոսրտագրության և սրտաբանության մեջ կիրառվող գործնական նորարարություններին։
Սրտաբաններ Նունե Ավետիսյանն ու Անուշ Սարգսյանը մասնակցել են նաև երկօրյա ALS և BLS workshop-ին և ստացել համապատասխան հավաստագրեր։
.png)