Գլխավոր Ավելին

Զեկուցողները գաստրոէնտերոլոգներն էին

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում կայացած գիտական լսմանը զեկուցմամբ հանդես եկան Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի կլինիկայի բժիշկները։

Գիտական լսման ժամանակ բժիշկ-գաստրոէնտերոլոգ, լյարդաբան, ԵՊԲՀ գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի ամբիոնի ավագ դասախոս, ՀՀ ԱՆ աղեստամոքսաբանության գծով խորհրդատու, Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ Մանիկ Գեմիլյանը անդրադարձավ աղիների բորբոքային հիվանդության (կրոնի հիվանդություն և խոցային կոլիտ) բուժման ժամանակակից մոտեցումներին, բուժման ընթացքում առաջացող հավանական բարդություններին և դրանց կանխարգելմանն ու լուծմանը ուղղված միջոցառումների իրականացմանը՝ կարևորելով մուլտիդիսցիպլինար մոտեցումը։

Իսկ գաստրոէնտերոլոգ-հեպատոլոգ Մարի Գրիգորյանը ներկայացրեց կլինիկական դեպք, որը վերաբերում էր Կրոնի հիվանդության ժամանակ դիտվող արտաաղիքային դրսևորումներին, մասնավորապես՝ ոսկրերի մետաբոլիկ հիվանդության, որը կարող է կլինիկորեն դրսևորվել շատ ավելի վաղ և/կամ լինել աղիքային պաթոլոգիայի միակ դրսևորումը։ Քննարկման արդյունքում ևս մեկ անգամ ընդգծվեց մարսողական համակարգի առանցքային դերը նյութափոխանակային հոմեոստազի պահպանման գործընթացում։ «Հետևաբար կարևոր է աղիքային պաթոլոգիանների ժամանակ գնահատել պացիենտների մոտ նյութափոխանակային խանգարումների առաջացման ռիսկի գործոնները և կատարել դրանց համապատասխան շտկում»,-իր զեկույցում ասաց Մարի Գրիգորյանը։

×
facebook sharing button facebook