«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում կայացած հերթական գիտական լսման զեկուցողները ռադիոլոգներն էին։
Բժիշկ Սոնա Թունյանը զեկույցում նշեց, որ ռեգիոնալ ավշային հանգույցների և դրանց խմբերի իմացությունը յուրաքանչյուր օրգանի համար ունի բեկումնարին կարևորություն տվյալ օրգանի չարորակ գոյացությունների TNM դասակարգման և հիվանդության փուլի որոշման համար։
«Այժմ Քաղցկեղի American Joint Committee on Cancer - ի (AJCC) TNM դասակարգումը ամենատարածված դասակարգման համակարգն է աշխարհում: Կարևոր է նշել, որ ոչ ռեգիոնալ ավշային հանգույցների ախտահարումը հավասարազոր է մետաստատիկ հիվանդությանը և դրանց հայտնաբերումը շատ կարևոր է ճշգրիտ դասակարգման, բուժման և կանխորոշման համար։ Ոչ ռեգիոնալ ավշային հանգույցների հայտնաբերման դեպքում փոխվում է հիվանդության փուլը և համապատասխանաբար նաև բուժման տակտիկան, բայց այն համարվում է պրոգնոստիկ ավելի բարենպաստ տարբերակ, քան այլ օրգանների մետաստազներով դեպքերը»,–ասաց բժիշկը՝ հավելելով, որ ճառագայթային ախտորոշման պրակտիկայում շատ կարևոր է հետևել քաղցկեղների դասակարգման բոլոր վերանայումներին սխալ դասակարգումներից խուսափելու նպատակով, որովհետև ճառագայթաբանի կողմից առաջարկված դասակարգման հիման վրա է կազմվելու բուժառուի բուժման և վարման ծրագիրը։
Իսկ ռադիոլոգ Վարդան Աբրահամյանի զեկույցը վերաբերում էր որովայնի խոռոչի հետվիրահատական ԿՏ-ին։ Դրանք կարևոր են, քանի որ թույլ են տալիս գնահատել վիրահատության արդյունքը, հայտնաբերել հնարավոր բարդություններն ու մնացորդային պաթոլոգիաները և վերահսկել ապաքինման ընթացքը։
«Հետվիրահատական հետազոտություններում ռադիոլոգների և վիրաբույժների միջև փոխվստահությունն ու արդյունավետ հաղորդակցությունը չափազանց կարևոր է՝ հիվանդի հաջող վերականգնման և հնարավոր բարդությունների կանխարգելման համար։ Հետվիրահատական ԿՏ-ների վերլուծության գործընթացում ռադիոլոգների կողմից տրամադրվող ճշգրիտ և մանրամասն տեղեկատվությունը վիրաբույժներին հնարավորություն է տալիս արագորեն որոշումներ կայացնել և կանխարգելել հետվիրահատական բարդությունները»,-ասաց բանախոսը։
Գործընկերները զեկուցողներին տարբեր հարցեր ուղղեցին, որոնք վերաբերում էին թե միջազգային փորձին, թե ներհիվանդանոցային քննարկվող դեպքերին։
.png)