Գլխավոր Ավելին

Հոդացավեր․ Օրթոպեդ-վնասվածքաբանի անդրադարձը

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոց հաճախ են դիմում պացիենտներ, ովքեր գանգատվում են հոդացավերից։ Առհասարակ հոդացավը բավականին տարածված ախտանշան է:

Օրթոպեդ-վնասվածքաբան Խաչատուր Հարությունյանի խոսքով՝ հոդի բորբոքային պրոցեսը կոչվում է արթրիտ, այն կարող է զարգանալ տարբեր պատճառներով և տարբեր տարիքային խմբերում: Պատճառները տարբեր են՝ առաջին հերթին հոդային բորբոքային, աուտոիմուն հիվանդություններն են, կարող է զարգանալ նաև ինֆեկցիոն, էնդոկրին խնդիրների և նյութափոխանակության խանգարումների ժամանակ:

Բժշկի խոսքով՝ ժամանակին չհայտնաբերված և չբուժված արթրիտները ի վերջո կարող են նպաստել աճառների վնասման, հանգեցնել երկրորդային օստեոարթրոզի կամ ինչպես ժողովուրդն է ասում «հոդերում աղի կուտակման» և «հոդերի մաշվածության»։ Վերջիններս էլ իրենց հերթին կարող են առաջացնել հոդային ֆունկցիայի անբավարություն:

Խաչատուր Հարությունյանը նշում է, որ վերջին տարիներին նկատվում է հիվանդության «երիտասարդացում», հատկապես հոդային բորբոքային հիվանդություններից հետո:

«Հիմնականում գանգատները արտահայտվում են հոդի շրջանում ցավով, հոդի այտուցվածությամբ, տուժում է հոդի ֆունկցիան: Ժամանակին պատշաճ բուժում չստացած բուժառուների շրջանում գանգատները պարբերաբար կրկնվում են, հյուծում հոդի պաշտպանողական ռեսուրսները և արդեն բժշկի դիմում են բավականին ծանր վիճակում»,-ասում է օրթոպեդ-վնասվածքաբանը:

Կանխարգելման նպատակով նա խորհուրդ է տալիս

Վերոնշյալ գանգատների դեպքում դիմել բժշկի։

1. Հետևել մարմնի քաշին և լինել ակտիվ։

2. Զերծ մնալ վնասակար սովորություններից կամ հնարավորինս վաղ դադարեցնել դրանք։

3. Սնվել բալանսավորված և չափավոր։

4. Զբաղվել սպորտով, օրինակ՝ կատարել մարմնամարզություն, լողալ, զարգացնել, ամրացնել մկանային համակարգը։

×
facebook sharing button facebook