Գլխավոր Ավելին

Գերմանացի պրոֆեսորը՝ կրկին համալսարանական հիվանդանոցում

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի ՔԿԱ կլինիկայի համագործակցությունը Գերմանիայում Հայ-Գերմանացի Բժիշկների և Բուժաշխատողների Միություն հ/կ-ի (ԳՀԳԲԲՄ) հետ շարունակվում է։ Այս համագործակցության շրջանակում համալսարանական հիվանդանոց է այցելել գերմանացի պրոֆեսոր, ՔԿԱ բժիշկ Վոլֆգանգ Վայցզեկերը։

Պրոֆեսորը հանդիպել և քննարկումներ է ունեցել ՔԿԱ կլինիկայի բժիշկների հետ, մասնակցել կոնսուլտացիաների։ Այնուհետև Վոլֆգանգ Վայցզեկերի մասնակցությամբ հիվանդանոցի ՔԿԱ կլինիկայի բժիշկները կատարել են ականջի բարդ վիրահատություններ՝ կապված լսողության իջեցման հետ։Վիրահատությունները անցել են հաջող, պացիենտների լսողությունը վերականգնվել է, նրանք արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։

«Տասը վիրահատություն ենք արել, նախապես առանձնացրել էինք ամենաբարդ դեպքերը, լսողության լավացման վիրահատություններ մենք, անշուշտ, կատարում ենք, բայց այս դեպքերը պահանջում էին նոր մեթոդների և տեխնոլոգիաների կիրառում։ Վիրահատություններից առաջ և հետո բոլոր հանգամանքները մանրամասն քննարկում էինք պրոֆեսորի հետ, նա հետևում էր վիրահատությունների ընթացքին, ցուցումներ տալիս, ուղղորդում»,- ասաց ՔԿԱ կլինիկայի ղեկավար, բ․գ․թ․, դոցենտ Գարեգին Միրաքյանը՝ նշելով, որ գերմանացի պրոֆեսորի հետ արդեն իսկ ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում երիտասարդ մասնագետների համար, նպաստում փորձի փոխանակմանը։

 Նշենք, որ պրոֆեսորի հետ համագործակցությունը արդեն տարիների պատմություն ունի։ Սա պրոֆեսոր Վոլֆգանգ Վայցզեկերնի երրորդ այցն է Հայաստան, առաջին անգամ նա Հայաստան է այցելել 2021թ. սեպտեմբերին, այնուհետև 2023թ համալսարանական հիվանդանոցում ստեղծվել է «Bone Dissection Lab» միջին և ներքին ականջի լաբորատորիա։ Այս համագործակցության կայացման մեջ մեծ ներդրում ունեն մեր հայրենակիցները՝ Գերմանիայի բուժաշխատողների միության ատենապետուհի Սրբուհի Մարտիրոսյանը, փոխատենապետ, դոկտոր Պիեռ Բլուտյանը և նրա կինը՝ ՝ Մոնիկա Բլուտյանը։

×
facebook sharing button facebook