Գլխավոր Ավելին

Թերապևտ-թոքաբանը՝  բրոնխային ասթմայի մասին

Բրոնխային ասթման (ԲԱ) օդատար շնչառական ուղիների քրոնիկական բորբոքային հիվանդություն է, որն ուղեկցվում է բրոնխների հիպերռեակտիվությամբ, ինչպես նաև բրոնխների ամբողջական կամ մասնակի դարձելի օբստրուկցիայի պարոքսիզմներով:

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ընդհանուր թերապիայի կլինիկայի թերապևտ-թոքաբան Տաթևիկ Հովհաննիսյանը նշում է, որ բրոնխային ասթման կլինիկորեն արտահայտվում է շնչահեղձության նոպաներով, շնչառության դժվարացմամբ, նոպայաձև հազով և/կամ սուլող շնչառությամբ ու հևոցով: Ներկայացնում ենք բժշկի դիտարկումները բրոնխիալ ասթմայի մասին։

1․ ԲԱ-ն հաճախ, բայց ոչ միշտ զարգանում է ատոպիայի հանդեպ գենետիկ նախատրամադրվածության ֆոնին, որը կլինիկորեն դրսևորվում է արտահայտված ալերգիկ ռեակցիայով` ի պատասխան շրջակա միջավայրի ալերգենների (ալերգիկ դերմատիտ, եղնջացան, Կվինկեի այտուց):
2․ Մեծ մասամբ ԲԱ դիտվում է երեխաների ու մինչև 15 տարեկան պատանիների մոտ (հատկապես տղաները): 15-30 տարեկանում հիվանդանալու հավանականությունն էապես նվազում է, իսկ 40 տարեկանից հետո կրկին մեծանում, ընդ որում՝ մինչև 65 տարեկան կանանց շրջանում հիվանդանալու հավանականությունն ավելի մեծ է, քան տղամարդկանց շրջանում։
3․ Առավել մեծ նշանակություն ունեն ինհալացիոն ուղիով ներթափանցող ալերգենները՝ կենցաղային փոշին, կենդանիների, միջատների ալերգենները, ծաղկափոշին, սնկերը։

4․ Առավել հաճախ դեղորայքային ալերգիկ ԲԱ հարուցում են․

  • անտիբիոտիկները,
  • ֆերմենտային դեղամիջոցները,
  • իմունոգլոբուլինները,
  •  շիճուկները։

5․ Կան մի շարք գործոններ, որոնք բարձրացնում են ԲԱ զարգացման ռիսկը, բայց անմիջական պատճառ չեն։ Դրանցից են՝

  • ռեսպիրատոր վիրուսային ինֆեկցիան,
  • ցնդող պոլյուտանտները,
  • սննդանյութերը,
  • ծխախոտը,
  • մանկական տարիքը։

6․Որպես խթանիչներ կարող են հանդես գալ մի շարք ոչ սպեցիֆիկ գործոններ, օր․՝

  • սառը կամ խոնավ օդի ազդեցությունը շնչուղիների լորձաթաղանթի վրա, 
  • գրգռող գազերի, օդի պոլյունտանտների մեծ խտությունը, ծխախոտի ծխի և այլնի ազդեցությունը,
  • եղանակային գործոնները,
  • շնչառական ինֆեկցիաները,
  • վիրուսային կամ բակտերիալ ռինիտը, սինուսիտը, քթի պոլիպոզը, 
  • չափազանց մեծ հուզական ծանրաբեռնվածությունը,
  • որոշ սննդամթերքները,
  • որոշ դեղերի ընդունումը

7․ Պետք է հիշել

  • չոր սպաստիկ հազը դեռ չի նշանակում,որ ախտորոշվում է բրոնխիալ ասթմա,
  • հարազատներից մեկի մոտ բրոնխիալ ասթմայի առկայություն,չի նշանակում, որ բոլոր երեխաները պետք է ունենան բրոնխիալ ասթմա,
  • բրոնխիալ ասթմայով չեն տառապում միայն արական սեռի անձինք,
  • չի կարելի միայն թոքերի աուսկուլտացիայով ախտորոշել բրոնխիալ ասթմա,
  • առանց սպիրոգրաֆիա կատարելու չի կարելի և հնարավոր չէ ախտորոշել բրոնխիալ ասթմա,ըստ վերջին տարիների ուղեցույցերի։
×
facebook sharing button facebook