Գլխավոր Ավելին

«Ուլտրաձայնը անէսթեզիոլոգիայում և ինտենսիվ թերապիայում» եռօրյա կրեդիտավորված դասընթացը՝ համալսարանական հիվանդանոցում

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում հունիսի 27-29-ն անց է կացվում «Ուլտրաձայնը անէսթեզիոլոգիայում և ինտենսիվ թերապիայում» եռօրյա կրեդիտավորված դասընթացը, որը վարում է հայտնի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, International Pocus Organization-ի Ռուսաստանի ներկայացուցիչ Վսևոլոդ Լիխինը։

Վսևոլոդ Լիխինը իր ելույթում նշեց, որ քննարկվող թեման բավականին արդիական է, և մրցունակ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ լինելու համար ուլտրաձայնի իմացությունը կարևոր է, այն հավելյալ մեթոդ է մասնագետի ձեռքին։ Ի դեպ, Վսևոլոդ Լիխինը առաջին անգամ է Հայաստանում, տպավորված է մեր երկրով և սեմինարից հետո հասցնում է այցելել պատմամշակութային վայրեր։

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Բուժական գծով տնօրեն, ԵՊԲՀ պրոռեկտոր, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Արա Ղազարյանը նշում է, որ այս դասընթացը տեսակով նորություն է, որը հնարավորություն կտա անեսթեզիոլոգներին տեսական և պրակտիկ գիտելիքներ ստանալ ուլտրաձայնի կիրառման մասին․ «Ուլտրաձայնը հնարավորություն է տալիս նվազեցնել անեսթեզիայի ռիսկերը, այն դարձնել անվտանգ, և այսօր մեր մասնագետները, տիրապետելով դրան, նոր որակավորում են ձեռքբերում, նոր հմտություն սովորում։ Հայաստանում քիչ են անեսթեզիոլոգները, ովքեր ուլտրաձայնին տիրապետում են, այն ամենօրյա կիրառության մեջ դեռ չի մտել»,-ասաց Արա Ղազարյանը։

Նշենք, որ դասընթացը կազմակերպվել է ԵՊԲՀ-ի և Անեսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների հայկական միության աջակցությամբ։

×
facebook sharing button facebook