«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի լաբորատորիայի վարիչ, Կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ, Լաբորատոր Բժշկության Հայկական Ասոցիացիայի նախագահ Զարուհի Գևորգյանը Դուբայում մասնակցել է Լաբորատոր Բժշկության 26-րդ միջազգային կոնգրեսին (IFCC WorldLab 2024)։
WorldLab կոնգրեսը լաբորատոր բժշկության ոլորտում մասշտաբային իրադարձություն է, որը համախմբում է գիտնականների, հետազոտողների, փորձագետների և մասնագետների տարբեր երկրներից։ Այն գիտելիքներով, փորձով փոխանակվելու, նոր կապեր ստեղծելու, ախտորոշիչ տեխնոլոգիաներին, գիտական հայտնագործություններին և մարտահրավերներին ծանոթանալու լավագույն հարթակներից է։
Զարուհի Գևորգյանը նշեց, որ կոնֆերանսի ընթացքում ներկայացվել են բազմաթիվ զեկույցներ և ուսումնասիրություններ, որոնք ընդգրկում են նոր դիագնոստիկ մեթոդները և հետազոտական ուղղությունները։
«Ծանոթացել ենք նորարարական տեխնոլոգիաներին և դրանց կիրառմանը լաբորատոր պրակտիկայում, ինչպիսիք են վերջին նորարարությունները ՊՇՌ տեխնոլոգիայում, որոնք թույլ են տալիս զգալիորեն արագացնել այս պրոցեսը: Շնորհիվ նոր տեխնոլոգիաների ինտեգրման, այժմ հնարավոր է իրականացնել ախտորոշումը ավելի արագ, քան երբևէ` ընդամենը մեկ րոպեի ընթացքում։
Բժշկական պրակտիկայում այս նորամուծությունը կբերի զգալի բարելավումներ՝ արագացնելով և կատարելագործելով ախտորոշման գործընթացը»,-նշում է Զարուհի Գևորգյանը։
.png)