Գլխավոր Ավելին

Մայիսի 29-ը՝ Մարսողական առողջության համաշխարհային օր

Մայիսի 29-ը Մարսողական առողջության համաշխարհային օրն է, որը նշվում է 2003թ.-ից: Այս տարվա կարգախոսն է «Մարսողական առողջությունդ դարձրու առաջնահերթություն»:

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի գաստրոէնտերոլոգ-հեպատոլոգ, ՀՀ ԱՆ խորհրդատու Աղեստամոքսաբանության գծով, Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ, բ.գ.թ․ Մանիկ Գեմիլյանն անդրադարձել է մարսողական առողջության առաջնահերթությանը։

Բժիշկը շեշտում է, որ մարսողական առողջության առաջնահերթությունը չպետք է թերագնահատել, իհարկե, կան հիվանդություններ, որոնք ունեն բարձր տարածվածություն և մահացություն, օրինակ` չարորակ ուռուցքները, շաքարային դիաբետը։

Նա տեղեկացնում է, որ դիաբետի բուժման նորագույն դեղերը ազդում են արյան շաքարի կարգավորման մի օղակի վրա, որը ներառում է հենց աղիքներում արտադրվող կենսաբանական ակտիվ նյութերը, այսինքն՝ մեր արյան շաքարի մակարդակը կարգավորվում է աղիքների կողմից:

Գեմիլյանը ներկայացնում է մեր երկրում առկա վիճակագրությունը, ըստ որի՝ Հայաստանում 2022թ. դրությամբ տարածվածությամբ և մահացությամբ ամենաբարձր տոկոսներով առաջին 8 քաղցկեղի տեսակներից 4-ը մարսողական օրգանների քաղցկեղներն են։

  • Ստամոքսի և լյարդի քաղցկեղների երեք վարակային պատճառները բացահայտելու համար շնորհվել են 3 Նոբելյան մրցանակներ, և այդ պատճառներն են լյարդի դեպքում՝ հեպատիտ B և C վիրուսները, իսկ ստամոքսի դեպքում` Helicobacter pylori բակտերիան:
  • «Այսօր մենք` գաստրոէնտերոլոգներս, կարողանում ենք լիարժեք բուժել հեպատիտ C և Helicobacter pylori վարակները և հուսալիորեն կառավարել հեպատիտ B վարակը, դրանով կանխարգելելով ստամոքսի և լյարդի քաղցկեղը»,-ասում է Մանիկ Գեմիլյանը և հիշեցնում․
  • Հաստ աղիքի քաղցկեղը սկսվում է բարորակ նորագոյացության` պոլիպի չարորակացումից: Նույնիսկ ամենափոքր պոլիպներն այսօր հնարավոր է հայտնաբերել և հեռացնել կոլոնոսկոպիայի միջոցով, դրանով իսկ կանխարգելել հաստ աղիքի քաղցկեղը։ Վերջինիս համար կարևոր է նաև հիշել, որ ավել քաշի պակասեցումը, սննդում մսի քանակի նվազեցումը և բանջարեղենի քանակի ավելացումը նվազեցնում են այս հիվանդության ռիսկը։
  • Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի պատճառներից են ծխելը, ալկոհոլի չարաշահումը, ինչպես նաև ժառանգական գործոնները, ուստի կարող եք կանխել այն` հրաժարվելով վնասակար սովորություններից, և հարազատի հիվանդ լինելու դեպքում դիմել կանխարգելիչ ստուգման համար:

«Մարսողական առողջությունն առաջնահերթ է նաև այն պատճառով, որ մարդու աղիքային միկրոֆլորան հսկայական դեր ունի` ամբողջ օրգանիզմի առողջական վիճակում, և դրա խանգարումներն այսօր կապվում են մի շարք հիվանդությունների հետ, այդ թվում` լյարդի տարբեր հիվանդությունների, քաղցկեղի որոշ տեսակների, ճարպակալման, ալերգիայի, աուտիզմի, և այլն»,-նշում է Մանիկ Գեմիլյանը և հուշում, թե ինչպես նպաստել առողջ միկրոֆլորայի աճին։

«Հիշեք, որ «լավ» բակտերիաներն աղիքում աճում են բջջանքով հարուստ սննդի պայմաններում, առաջին հերթին՝ բանջարեղեն և մրգեր պարունակող, իսկ ահա արագ սնունդը, վերամշակված սննդամթերքի գերակշռումը խախտում են միկրոֆլորայի կազմը։ Կարևոր է նաև խուսափել առանց անհրաժեշտության հակաբիոտիկների կիրառումից, որոնք նույնպես բացասաբար են ազդում աղիքային բակտերիաների վրա և կարող են առաջացնել լուրջ բարդություններ՝ այդ թվում կոլիտի ծանր տեսակ, որը կոչվում է կեղծ-թաղանթային կոլիտ։ Սրա դեպքում բուժման համար կիրառվող նորագույն մեթոդներից է կղանքային միկրոբիոտայի փոխպատվաստումը, որը վերականգնում է խաթարված հավասարակշռությունը»,-ասում է մասնագետը։

Այսպիսով, աղիքների անխափան աշխատանքը թելադրում է նաև ամբողջ մարմնի առողջությունը։ Առօրյա կյանքում էլ համոզվել ենք, թե ինչպես կարող է աղիքների ռիթմի խափանումը ազդել ընդհանուր ինքնազգացողության և տրամադրության վրա: Իզուր չէ, որ այս տարվա մայիսի 29-ի կարգախոսներից է նաև այս մեկը՝ «Ուրախ աղիք` ուրախ կյանք», ինչն էլ մաղթում ենք բոլորին։

×
facebook sharing button facebook