Շտապօգնության կողմից «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 36 ամյա տղամարդ՝ հենաշարժիչ համակարգի ծանր վնասվածքով՝ կոնքի ամբողջականության խախտմամբ, կոնքի oղի բազմաբեկոր և կոպիտ տեղաշարժով կոտրվածքով, ազդրոսկրի գլխիկի դեպի կոնքի խոռոչ ներհրումով։ Անհապաղ ձեռնարկվել են բուժառուի վիճակը կայունացնելուն ուղղված անհետաձգելի միջոցառումներ։
Օրեր անց տղամարդու վիճակը կայուն էր, սակայն լուծում էր պահանջում կոնքի կոտրվածքը, որն իր բնույթով խախտել էր թե կոնքի և թե կոնքազդրային հոդի ամբողջականությունը՝ ստիպելով տղամարդուն գամված մնալ հիվանդանոցային մահճակալին։
Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար Ատոմ Տեր–Գրիգորյանի, օրթոպեդ–վնասվածքաբաններ Խաչատուր Հարությունյանի և Տիգրան Կուպալյանի կողմից, անեսթեզիոլոգ՝ Մ․ Մուսայելյան, կատարվել է կոնքի և կոնքազդրային հոդի ամբողջականությունը վերականգնող վիրահատական միջամտություն։
Վիրահատությունը կատարվել է մեկ էտապով և մեկ ներորովայնային վիրահատական մուտքով՝ չվնասելով կոնքազդրային հոդում շարժումներ ապահովվող մկանները և կապանները, ինչը հնարավոր չէր լինի դասական վիրահատական տեխնիկայի միջոցով։ Հենաշարժիչ համակարգի բարդ միավորի՝ կոնքի ամբողջականությունը, կոնքազդրային հոդի բիոմեխանիկան վերականգնվել է վիրահատական մեկ գործողությամբ։ Պատրաստված անհատական մետաղական կոնստրուկցիայով կատարվել է ոսկրաբեկորների ֆիքսացիա՝ առանց հոդի բացազատման՝ դրանով իսկ նպատակ ունենալով հետագայում վնասված հոդի արթրոզի առաջացման կանխումը։
Վիրահատությունից 12 ժամ անց պացիենտը քայլում էր քայլակի օգնությամբ։
.png)