Դավիթ Արտաշեսի Պատրիկյանը ծնվել է 1952 թ-ի փետրվարի 8-ին Երեւան քաղաքում, բանվորի ընտանիքում: 1959-1969թթ սովորել է Երեւանի 26 կոմիսարների անվան միջնակարգ դպրոցում: 1969 թ-ին ընդունվել եւ 1975 թ-ին ավարտել է Երեւանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: 1975թ-ից մինչեւ 1976 թ-ը անցել է ինտերնատուրա «Վիրաբուժություն» մասնագիտությամբ: 1976-1977 թթ աշխատել է Կիրովականի, այժմ Վանաձոր, քաղաքի շտապ օգնության կայանում, որպես վիրաբույժ: 1977-1979 թթ ծառայել է Խորհրդային Բանակում՝ լինելով N 36834 զորամասի բուժծառայության պետը: Ունի բժշկական ծառայության ավագ լեյտենանտի կոչում:
1979թ-ից մինչեւ 1994 թ-ն աշխատել է Հանրապետական կլինիկական հիվանդանոցի նյարդավիրաբուժական բաժանմունքում, որպես օրդինատոր: 1994թ-ից մինչեւ 2022թ-ը եղել նշված բաժանմունքի վարիչը: 1998թ-ից դասավանդում է Երեւանի Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտում, որպես ասիստենտ, 2011թ-ից՝ նույն ամբիոնի դոցենտ, ուսումնական մասի վարիչ:
Վերապատրաստվել է Մոսկվայի, Կիեւի կենտրանական նյարդավիրաբուժական ինստիտուտներում, Երեւանի առաջատար նյարդավիրաբուժական բաժանմունքներում: Ունի գիտական աշխատանքներ կատարելու փորձ, 2001թ-ին պաշտպանել է թեկնածուական թեզ «Խրոնիկական ընթացքի սուբդուրալ հեմատոմաների վիրաբուժական բուժման համեմատական գնահատականը» թեմայով՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի կոչում: 2011թ-ին ստացել է դոցենտի կոչում: Եղել է թեկնածուական թեզի ղեկավար:
Հանդիսանում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով բժշկական բուհի ուսանողների համար «Նյարդավիրաբուժություն» դասագրքի համահեղինակը / 2010թ/, 60-ից ավելի գիտական հոդվածների եւ բազմաթիվ ռացիոնալիզատորական առաջարկությունների հեղինակ է: Զբաղվում է խրոնիկական ընթացքի սուբդուրալ հեմատոմաների պաթոգենեզի եւ բուժման, կրկնակի գանգուղեղային վնասվածքների բուժման եւ պաթոգենեզի, գանգուղեղային վնասվածքների բուժման ալգոռիթմերի ու չափորոշիչների ստեղծման, հիպերտենզիվ բնույթի ներուղեղային արյունազեղումների դիֆերենցված բուժման հարցերով եւ այլն: Կատարում է համարյա բոլոր նյարդավիրաբուժական վիրահատությունները:
Ակտիվորեն մասնակցել է արցախյան պատերազմին, բազմիցս մեկնել է ռազմաճակատ վիրավոր ռազմիկներին տեղում օգնություն ցուցաբերելու համար, հիվանդանոցում օգնել է հարյուրավոր վիրավորների, կատարել բարդ վիրահատություններ: Վայելում է հիվանդների եւ գործընկերների հարգանքը, իր գիտելիքներով օգտակար լինում նրանց:
Գրում է պատմվածքներ, բանաստեղծություններ, քառյակներ, փոքրիկների համար հանելուկներ: Ունի 5 տպագրված գեղարվեստական գիրք՝ «Նվիրում եմ...», «Հոգու քարեր», «Կուտակված կաթիլներ», «Անեծք» / նվիրված է Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին/, «Կյանքի արահետներով»:
Նյարդավիրաբուժության տարբեր հարցերին նվիրված 5 գիտական մենագրությունների հեղինակ է: Պարգեւատրվել է մի շարք մեդալներով՝ «Մարտական ծառայություն», «Ռազմական համագործակցություն», «Վաչագան Բարեպաշտ», «Մոնթե Մելքոնյան», «Գարեգին Նժդեհ», Բժշկական համալսարանի «Հերացի արծաթե» մեդալ, «Առաջին Գունդ» մեդալ, Խորհրդային Բանակի 60 ամյակի հոբելյանական մեդալ: Բազմաթիվ պատվոգրեր՝ առողջապահության նախարարությունից, պաշտպանության նախարարությունից, Երկրապահ կամավորական միությունից:
2022թ-ից աշխատում է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում:
Ամուսնացած է: Տղան զինվորական է, դուստրը՝ բժշկուհի: Անկուսակցական է:
.png)