|
  • Русский
  • English

ԲԱՐԱԿ ԱՂԻՆԵՐԻ ԵՎ ՓԱՅԾԱՂԻ ԱՆՈԹՆԵՐԻ ԹՐՈՄԲՈԶԻ ԶՈՒԳԱԿՑՄԱՆ ԵԶԱԿԻ ԴԵՊՔ

Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Վիրաբուժության կլինիկայում կատարվել է հաջող վիրահատություն բարակ աղիների և փայծաղի զարկերակների խցանման բարդ դեպքի կապակցությամբ:

Որովայնի օրգանների անոթների խցանումները՝ թրոմբոզները և էմբոլիաները կյանքի համար վտանգավոր վիճակներ են, որոնք նույնիսկ բարձրակարգ հիվանդանոցային բուժման պայմաններում տալիս են բարձր մահացություն: Մեզենտերիալ զարկերակային թրոմբոզը, թրոմբոէմբոլիան բերում են աղիների նեկրոզի և պերիտոնիտի զարգացման, ինչը ծայրահեղ վտանգ է ներկայացնում կյանքի համար: Փայծաղային զարկերակի թրոմբոզը, թրոմբոէմբոլիան բերում են փայծաղի ինֆարկտի, ինչը կարող է բուժվել կոնսերվատիվ մեթոդներով, սակայն փայծաղի հյուսվածքի քայքայման, թարախակույտի առաջացման դեպքում ցուցված է վիրահատություն:

Միքայելյան Համալսարանական հիվանդանոցի Վիրաբուժության կլինիկա է ընդունվել 82 տարեկան կին, ով գանգատվում էր որովայնի սուր ցավերից, որոնք առաջացել էին 24 ժամ առաջ: Օբյեկտիվ՝ առկա էր պերիտոնիտի պատկեր: Գործիքային հետազոտություններով հայտնաբերվեցին փայծաղի ինֆարկտ և բարակ աղիների մեզենտերիալ թրոմբոզ:

Կատարված շտապ վիրահատության ժամանակ (վիրաբույժներ՝ Անի Բաբայան, Անդրանիկ Ալեքսանյան, Գագիկ Ապրեսյան, անէսթեզիոլոգ՝ Սասուն Ղազարյան) ախտորոշումը հաստատվեց, առկա էին բարակ աղիների դիստալ հատվածների նեկրոզ և փայծաղի ինֆարկտ հյուսվածքի քայքայումով, թարախակույտի առաջացմամբ, կատարվեց բարակ աղու դիստալ 2/3-ի հեռացում, փայծաղի հեռացում, ձևավորվեց տերմինալ իլեոստոմա: Հետվիրահատական շրջանն անցավ հարթ, 20 օր անց կատարվեց իլեոստոմայի փակում: Հետվիրահատական շրջանն անցավ հարթ, աղիների գործունեությունը վերականգնվեց:

Դեպքը հետաքրքիր է նրանով, որ առկա էր որովայնի երկու օրգանների անոթային համակարգերի թրոմբոզ, որը պահանջեց սիմուլտանտ վիրահատության իրականացում:

Չնայած ծանր ախտահարման առկայությանը 82տ. կնոջ մոտ, երիտասարդ մասնագետների թիմը կարողացավ ախտորոշման և բուժական տակտիկայի ճիշտ կազմակերպման շնորհիվ փրկել հիվանդի կյանքը և վերականգնել առողջությունը:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել: